Հետընտրական Հայաստանի քաղաքական ասպարեզը իրենց «բացահայտումներով» ողողեցին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Թվում էր` նախընտրական բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյան-Գագիկ Ծառուկյան հարցուպատասխանը «Կլասիկ ջանով» էլ կավարտվի: Կավարտվեր, եթե հետընտրական դասավորության մեջ ՔՊ-ն, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միայնակ չհայտնվեին ԱԺ-ում: Դա իրավիճակ փոխեց ու նրանց բերեց մի կարգավիճակ, երբ պարտավոր են ապացուցել, որ արժանի էին ԱԺ մտնելու ու պատրաստ են լինել ընդդիմություն: Իրականում երկուսն էլ անպատրաստ են նոր իրավիճակին ու առավելևս` ընդդիմադիր լինելուն: Այս օրերին միմյանց ուղղված մեղադրանքներում, որքան էլ անվայելուչ, գերակայում է ճշմարտությունը միմյանց գործունեության մասին ու հենց դա է միմյանց համար ցավալի դարձնում յուրաքանչյուր ելույթը:
Ինչու՞ քաղաքական դաշտում չի գտնվում որևէ ուժ կամ անհատ, որ նրանց կհաշտեցնի` արդեն բարձրացվել է նաև այս հարցը: Դատելով քաղաքականից մերձքաղաքականի ու ավելի շատ գողական մակարդակի հասած «բացահայտման» եռանդից, այլևս նրանց հաշտեցնողը միայն Նիկոլ Փաշինյանը կարող է լինել` որևէ ուրիշի նրանք պարզապես չեն լսի` պատահական չէ, որ երկուսն էլ իրենց հետ հարաբերվելու համար «կալիբրի» հարց են դնում: Դա, իհարկե, սեփական արժեքի գերագնահատում է, արժանիքների մասին լռենք: Ինչու՞ է լռում Նիկոլ Փաշինյանը: Իսկ ինչու՞ կանխի: Այս բանավեճը, որքան էլ արգահատելի, իրականում բացառիկ նշանակություն ունի նրանց համար, ովքեր ընտրություններում ձայն են տվել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին` հավատալով մեկի բարեգործությանը, մյուսի` ստերին: Ո՞վ, եթե ոչ հենց իրենք լավագույնս կբացահայտեն սեփական իրական կերպարը հանրության առաջ ու հետագա գործունեության պատկերը խորհրդարանում: Դա, կրկնում եմ, պետք է բոլորին ու հենց այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը լռում ու սպասում` մինչև Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի իրական տերերը հրաման կտան վերջակետ դնել` սահմանները անցնելու պատճառով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞վ կավարտվի այս պատմությունը: Կավարտվի` ինչպես սկսվել է: Շուտով կհաշտվեն ու կմոռանան` ինչեր են ասել ու ինչեր են պահանջել իրարից, միմյանց ձեռք էլ կսեղմեն, գուցե եղբայրաբար համբուրվեն էլ: Դա է պահանջում երկուսի էլ «մեծ եղբոր» շահը` նրանք ընդհանուր խնդիր ունեն լուծելու ու պարտավոր են շարժվել այդ ուղեգծով, իսկ այս լեզվակռիվը կմնա 6-րդից 7-րդ գումարման խորհրդարանների անցման շրջանի աննալներում` իբրև ինքնադիմանկար, որից հասարակությունը, ցավոք, ոչինչ չի սովորի ու չի հասկանա, որովհետև հասարակությունն էլ սեփական սխալները ընդունելու ու ուղղելու պատրաստ չէ: